|
Հարկադիր կատարման ընթացակարգի հիմքը կատարողական թերթն է, որը հանդիսանում է հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը: Միայն կատարողական թերթի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու հետո հարկադիր կատարողը կարող է իրականացնել կամ կիրառել օրենքով սահմանված հարկադիր կատարման միջոցները:
Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասին: Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ ոչ գույքային բնույթի, ինչպես նաև մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով: Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության կամ գտնվելու վայրում կամ նրա գույքի գտնվելու վայրում: Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:
Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչեւ 20.00: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ: Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե
- անհրաժշետ է անհապաղ կատարում
- պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին եւ սահմանված ժամերին անհնարին է:
- Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:
Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված անհապաղ կատարման դեպքերի, ինչպես նաև պարբերական կատարման բնույթ կրող կատարողական գործողությունների (աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, երեխաների տեսակցությունը և այլն):: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները: Կատարողական գործողությունների իրականացումն արգելող հանգամանքների առկայության դեպքում հարկադիր կատարողը իր նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա կարող է հետաձգել դրանց կատարումը մինչեւ այդ հանգամանքների վերանալը` ոչ ավելի քան մեկ անգամ մինչև 2 շաբաթ ժամկետով:
Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ: Կատարողական գործողություններ ընթացքում հարկադիր կատարողը կարող է կասեցնել կատարողական վարույթը:
Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե
- պարտապանը ճանաչվել է անգործունակ
- պարտապանը զինված ուժերի եւ այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողություննրի, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը
- դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ ՀՀ կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել
- հայց է ներկայացվել դատարան այն գույքն արգելանքից հանելու մասին, որի վրա բռնագանձում է տարածվել կատարողական թերթով
- դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին
- առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը:
Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե
- դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.
- նշանակել է փորձաքննություն.
- պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.
- պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
- պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:
Կատարողական վարույթը դադարում է կատարողական վարույթն ավարտելու կամ կարճելու մասին որոշման կայացմամբ:
Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե
- պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին,
- անհնարին է պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,
- պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,
- պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար,
- ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները,
- մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին,
- պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ:
Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Կատարողական վարույթն ավարտելն ու կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:
Հարկադիր կատարողը կարճում է կատարողական վարույթը, եթե`
- կատարողական թերթը փաստացի կատարվել է
- պահանջատերը հրաժարվել է բռնագանձումից
- պահանջատերը եւ պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը,
- մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, եւ դատական ակտով սահմանած պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին,
- հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է,
- բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը,
- պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված եւ պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը
- պարտապան-իրավաբանական անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ,
- պարտապան-իրավաբանական անձը լուծարվել է:
Կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:
Կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողը կիրառում է սահմանված միջոցները:
Վերջին գործողությունը հարկադիր կատարողի կողմից գույքի իրացումից ստացված գումարի բաշխումն է, որն իրականացվում է հետեւյալ կարգով.
- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,
- երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,
- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,
- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,
- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,
- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,
- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
- Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:
- Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:
|