|
Հարկադիր կատարման ընթացակարգը նախաձեռնելու համար անհրաժեշտ է Ծառայության տարածքային բաժին, կամ, եթե խոսքը գնում է ալիմետի բռնագանձման, վտարման, քրեական գործերով բռնագանձումների մասին, ապա համապաստասխան բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն հարկադիր կատարողը կարող է հարուցել կատարողական վարույթ եւ ձեռնամուխ լինել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարմանը: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ըստ Ծառայության բաժինների պաշտոնական հասցեների: Քաղաքացիները կատարողական վարույթին կարող են մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վեապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով: Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ իրավաբանական անձինք եւ քաղաքացիները:
Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով:
Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն օրենքին համապատասխան տրված եւ ձեւակերպված լիազորագրով: Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետեւյալ լիազորությունները.
- կատարողական թերթ ներկայացնելը եւ հետ վերցնելը
- լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում)
- բռնագանձված գույքը և (կամ) դրամը ստանալը
- հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:
Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռեւս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման եւ կառավարման համար նշանակված անձը:
Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:
Անհրաժեշտ փաստաթղթերն են`
- Դիմում` կատարողական վարույթ հարուցելու կամ կատարողական թերթի պահանջները կատարելու մասին
- Կատարողական թերթ (կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա, արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա
- Լիազորագիր (եթե պահանջատեր ֆիզիկական անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, եթե պահանջատեր իրավաբանական անձի անունից հանդես է գալիս ներկայացուցիչը)
- Իրավաբանական անձի գրանցման վկայականը` տրված ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից կամ տնօրեն նշանակելու մասին որոշման պատճենը, եթե պահանջատեր իրավաբանական անձի անունից հանդես է գալիս տնօրենը
- Լիազորությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր, եթե պահանջատիրոջ անունից հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը, օրինական ներկայացուցիչը:
|