Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը 2017-08-16 11:15
  Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 14-ից Ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրման համակարգը:   Ծառայության վարչական շենքի ... Տե'ս ավելին

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2017-08-14 10:50
   Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 7-ից 11-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել ... Տե'ս ավելին
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հաճախ տրվող հարցեր

Հարց 1. Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա բռնագանձում տարածել։

 Պատասխան

2017թ. մարտի 1-ից ուժի մեջ են մտնելու <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> և <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն՝ պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար: Իսկ եթե միակ բնակարանն իրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:

Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.

- բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, 

բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:

Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո` չորս ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը:

 

 

 Հարց 1.1. Նշված փոփոխությունը տարածվելու՞ է նախկինում հարուցված կատարողական վարույթներով պարտապաններին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա։

 Պատասխան

Նշված փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Այսինքն՝ մինչև 01․03․2017թ․ հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։

 

 

Հարց 2. Ի՞նչ եղանակով է հնարավոր տեղեկանալ հարուցված կատարողական վարույթների և հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքների մասին: 

Պատասխան

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի և/կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին։

Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի մասին պարտապանը կարող է տեղեկանալ մինչև համապատասխան փոստային ծանուցումը ստանալը, եթե օգտվում է հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի վրա առկա Telegram Messenger հավելվածից: Վերջինիս միջոցով կապ է հաստատվում ԴԱՀԿ բոտ-ի հետ, և օգտատերը, հավաքելով Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը), վայրկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկություն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, յուրաքանչյուր նոր հարուցված կատարողական վարույթի, արգելանքների կիրառման և դրանց վերացման մասին։

Հարուցվող կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին ծանուցում հնարավոր է ստանալ նաև SMS հաղորդագրության միջոցով: Դրա համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-570-402 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքելով հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)՝ գրանցվել Ծառայության SMS ծանուցումների գրանցման շտեմարանում։

 

 

Հարց 3. Արդյո՞ք հարկադիր կատարողն իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա:

Պատասխան

Հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի վրա: Մասնավորապես`

- աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակներից, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրություններից կարող է պահվել մինչև 75%, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով,

- այլ պահանջների բավարարման նպատակով նշված եկամուտներից կարող է պահվել մինչև 50%,

- պարտապանի պետական կենսաթոշակներից կարող է պահվել մինչև 30%:

 

 

Հարց 3.1. Ի՞նչ անել, եթե աշխատավարձը և այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ:

 Պատասխան

Պարտապանի բանկային հաշիվների վրա արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունի` արդյոք այդ հաշիվներով պարտապանը աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե ոչ: Ուստի, եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ, ապա դրանց վրա կիրառված արգելադրումը լրիվ կամ մասնակցի վերացնելու համար անհրաժեշտ է հարկադիր կատարողին ներկայացնել աշխատանքի վայրից (կամ այլ եկամուտ վճարողից) տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի նաև աշխատավարձի (եկամտի) չափը, բանկը, որի միջոցով ստանում է աշխատավարձը (եկամուտը), և այն հաշվեհամարը (գործատուի կամ այլ եկամուտ վճարողի հաշվեհամարը), որից փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը:

 

  

 Հարց 4. Ի՞նչպես կարելի է պարզել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեները և հեռախոսահամարները:

Պատասխան

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեները և հեռախոսահամարները քաղաքացին կարող է գտնել Ծառայության www.harkadir.am կայքի հասցեներ և հեռախոսահամարներ բաժնից, կամ տեղեկանալ՝ զանգահարելով Ծառայության թեժ գիծ 060-570-435 հեռախոսահամարով:

  

   

Հարց 5. Որտե՞ղ կարող է քաղաքացին վճարել կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը:

Պատասխան

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ քաղաքացին կարող է կատարել վճարումներ՝ ըստ հարուցված կատարողական վարույթների: Վճարումներ կարող են կատարվել ինչպես բանկերի, այնպես էլ EASYPAY-ի, IDRAM-ի, TELCELL-ի ու MOBIDRAM-ի տերմինալների միջոցով:

 

 

 Հարց 6. Ի՞նչ անել, եթե կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը վճարվել է, սակայն արգելանքերը չեն վերացվել:

Պատասխան

Եթե քաղաքացին վճարել է կատարողական վարույթով բռնագանձման ենթակա ամբողջ գումարը, և արգելանքերը պահպանվել են, ապա անհրաժեշտ է կապ հաստատել հարկադիր կատարողի հետ և ճշտել պատճառները (հնարավոր է, որ միևնույն անձի այլ պարտքերի բռնագանձման համար ևս հարուցված լինեն կատարողական վարույթներ):

Եթե հնարավոր չէ կապ հաստատել հարկադիր կատարողի հետ, անհրաժեշտ է զանգահարել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության թեժ գիծ 060-570-435 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Եթե առաջարկվող լուծումը չի գոհացնում դիմողին, վերջինս կարող է գրությամբ իր խնդիրը ներկայացնել հարկադիր կատարողի վերադաս մարմին:

  

 

 

Հարց 7. Ի՞նչ անել, եթե քաղաքացին կատարել է կրկնակի վճարում:

 Պատասխան

Քաղաքացու կողմից կրկնակի վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայացնել վճարման անդորրագրերի պատճենները, որոնց հիման վրա քաղաքացին ավել վճարած գումարը կարող է հետ ստանալ առձեռն կամ բանկային փոխանցմամբ, եթե ներկայացվել է համապատասխան հաշվեհամար:

  

 

Հարց 8.  Բռնագանձման պահանջով կատարողական թերթի ներկայացումից հետո հարուցված կատարողական վարույթի շրջանակում պարտապանի գույքի գտնվելու վայրը հայտնի լինելու դեպքում պարտապանի գտնվելու վայրի անհայտ լինելն արդյո՞ք կարող է խոչընդոտ հանդիսանալ գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու համար:

Պատասխան

Հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջները կատարելու համար հարկադիր էլեկտրոնային աճուրդով պարտապանի գույքն իրացնելիս կայացնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշում, որը կատարողական վարույթի կողմերին ուղարկվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ, սակայն ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո` եռօրյա ժամկետում: Ընդ որում, կատարողական վարույթի կողմերը պետք է ծանուցվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված պատշաճ ձևով, համաձայն որի` երբ պարտապանին հնարավոր չէ ծանուցել առձեռն, կամ ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է, կամ նա չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա ծանուցագիրն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին։ Նշված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am։

 

 

Հարց 9Ի՞նչ է կատարողական գործողությունների կատարման ծախսը:

Պատասխան

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66‑րդ հոդվածի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են.

1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար,

2) փորձագետների վճարման համար,

3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար,

4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար,

5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:

 

 

Հարց 9.1Ումի՞ց է բռնագանձվում կատարողական գործողությունների կատարման ծախսը։

Պատասխան

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից.

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100 000 ՀՀ դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով,

բ) 10 000 ՀՀ դրամից մինչև 100 000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5 000 ՀՀ դրամի չափով,

գ) մինչև 10 000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:

 

Հարց 9.2Ո՞ր դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում։

Պատասխան

Կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով՝ ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասի:

Կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում նաև այն դեպքում, եթե կատարողական վարույթը կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով:

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարման ծառայություն |
Designed & Developed by WebCenter design studio