|
Դատական ակտերի հարկադիր կատարումն իրականացվում է օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջների խստիվ պահպանմամբ: Հարկադիր կատարողը դատական ակտի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով կարող է կիրառել միայն օրենքով սահմանված միջոցները:
Հարկադիր կատարման միջոցները սահմանված են "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքով: Հարկադիր կատարման ցանկացած միջոցի կիրառման համար հիմք է հանդիսանում կատարողական թերթը: Առանց կատարողական թերթի իրականցվող հարկադիր կատարման միջոցները չեն կարող օրինական համարվել: Ընդ որում` կատարողական թերթը պետք է տրված լինի օրենքով սահմանված կարգով:
"Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքը սահմանում է հարկադիր կատարման հետեւյալ միջոցները.
- պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու եւ այն իրացնելու միջոցով,
- պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,
- այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների եւ այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,
- կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը եւ պահանջատիրոջը հանձնելը,
- Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը` համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
Հոդված 2065 Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը
Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
6. կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:
Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը եւ հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի կատարման համար` հաշվի առնելով կատարման ծախսերը: Բռնագանձումն առաջին հերթին պետք է տարածվի պարտապանի դրամական միջոցների վրա: Դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել նաեւ պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքի համաձայն չի թույլատրվում բռնագանձում տարածել:
Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.
- 1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
- արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
- պատրաստի արտադրանք,
- անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
- այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
- 2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
- շարժական գույք,
- անշարժ գույք:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար:
Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:
Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն: Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ դատարանի համապատասխան որոշման հիման վրա: Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքի տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:
Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարող առգրավում է եւ ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
Եթե պարտապանը հաշիվներ եւ ավանդներ ունի բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում, ապա հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա: Հարկադիր կատարողը կատարողական թերթը պատշաճ ձեւով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն: Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
"Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքը սահմանում է նաեւ առանձին կատեգորիաներեւի գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը եւ պայմանները: Կան գույքի որոշակի տեսակներ, որոնց վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում տարածվել: Բռնագանձում չի կաորղ տարածվել քաղաքացի- պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա`
- գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների , հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային եւ մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք,
- պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների եւ գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ այն առարկաներից, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք
- այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակների, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է
- մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում
- հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ:
Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը իրականացվում են "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով: |